Վերջերս բոլորեց Արգենտինայում 35 անդամներից բաղկացած Կոմիտասի անվան երգչախմբի 80-ամյակը։ Այս կապակցությամբ, Արգենտինայի հայկական համայնքի Diario Armenia թերթը, հանդիպել է երգչախմբի ղեկավար Մաքրուհի Էոլմեսեկյանի հետ, որը շուրջ 40 տարի է ինչ ղեկավարում է երգչախումբը, եւ ասում է, որ աշխարհում ամենից շատ երաժշտությունն է սիրում ու այն ամենը, ինչ կապված է հայության հետ։ Դեռ մանկական հասակից սիրահարված մեծն Կոմիտասի ստեղծագործություններին՝ տիկին Էոլմեսեկյանը երազում էր դաշնակահարուհի դառնալ։ Ընդունվել էր Երաժշտության եւ բեմական արվեստի կոնսերվատորիա…
Աշխատելով հնարավորինս հաճախ արտահայտվել հայերենով, որը նա գեղեցիկ լեզու է համարում եւ իր բոլոր երիտասարդ հայրենակիցներին խորհուրդ է տալիս անպայմանորեն սովորել այն որքան հնարավոր է լավ, նա ասում է, որ «ես միշտ էքսպրեսիվ եմ, նույնիսկ երբ մնում եմ ինքս ինձ հետ։ Իմ եւ իմ երկրպագուների, ինչպես նաեւ սիրելի երգչախմբիս միջեւ միշտ խիտ կապ կա։ Երաժշտության սիրահարների այդ խումբը, յուրաքանչյուր կիրակի մարդկանց նվիրում է հոգեւոր խոր զգացմունքներ ու սեր։ Ինչ վերաբերում է մեր երգչախմբի աղբյուրին, ապա այն ստեղծվել էր 1929 թ-ին՝ Լեւոն Վարդապետյանի ղեկավարությամբ, որին երբեք չեմ մոռանում։ Նրան տարբեր մարդիկ են փոխարինել եւ, վերջապես, եկավ իմ հերթը։ Ես, իհարկե, չեմ բողոքում, սակայն, եթե մենք շատ լինեինք, ապա դա կհարստացներ մեզ»։
Տիկին Էոլմեսեկյանը ընդգծել է, որ երգչախումբը աշխատում է լինել ամենուր, որպեսզի մարդկանց փոխանցի նախնիների մշակույթն ու հոգեւոր ժառանգությունը։
«Հայ ժողովրդի պատմությունն ու ճակատագիրը այնքան բարդ եւ դաժան են եղել, որ մեզ ոչ մի բան չի կարող բաժանել։ Պոետիկան՝ մեր ստեղծագործական կյանքի հիմնական մասն է։ Ինքս հայ գրականության մեծ սիրահար եմ եւ կարծում եմ, որ նրանք թարգմանության չեն ենթարկվում։ Այդ իսկ պատճառով հաճախ համերգների ժամանակ ինձ թույլ եմ տալիս ընթերցել հայերենով գրված այս կամ այն պոեմները եւ, միաժամանակ, իսպաներեն լեզվով։ Հայոց լեզուն հրաշալի է լեզու է, դրա համար էլ ցանկանում եմ, որ երիտասարդները ընկալեն եւ տիրապետեն այն ու, եթե հնարավոր է, խոսեն հայերենով»,- ասում է տիկին Էոլմեսեկյանը։
Կոմիտասի անվան երգչախմբի 80-ամյակին նվիրված միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 29-ին։ Տոնի շրջանակներում տեղի կունենան տարբեր համերգներ։




























