Դոհա-Երեւան-Դոհա շաբաթական չորսական չվերթ կիրականացվի: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշել է  «Qatar Airways» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլեւին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  ՀՀ-ում 2013 թվականից ավիացիայի ոլորտն ազատականացվել է, եւ  կառավարությունը վերանայել է ավելի քան 20 պետության հետ օդային հաղորդակցությանն առնչվող գործող օրենսդրական դաշտը: Նրա խոսքով, ի թիվս այլ պետությունների` առաջիկայում ավարտին կհասնի նաեւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագրի վերանայումը. քննարկումներ են սկսվել նաեւ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու շուրջ:

Իր հերթին, Հյու Դանլեւին նշել է, որ «Qatar Airways»-ը պատրաստ է իրականացնել Դոհա-Երեւան-Դոհա շաբաթական չորսական չվերթ՝ Հայաստանը կապելով աշխարհի ավելի քան 150 քաղաքների հետ: Քաթարական ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենի խոսքով՝ իրենք ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել ընկերության գործունեության ուղղությունները, ինչը կնպաստի նաեւ Հայաստանի ու Քաթարի միջեւ փոխշահավետ երկարաժամկետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը: