ԱՄՆ-ն մտահոգություններ ունի Լեռնային Ղարաբաղում «փխրուն իրադրության» առիթով: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մայիսի 16-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Նա հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վիեննայում հանդիպելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:
«Ենթադրում եմ, որ նրանք կքննարկեն, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել: Լեռնային Ղարաբաղում փխրուն իրավիճակը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Քիրբին եւ հավելել, որ ԱՄՆ-ն «միշտ շահագրգռված է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմամբ»:
Հիշեցնենք, որ Վիեննայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են անցկացվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:





























