Հայաստանում լեհական կապիտալի հիման վրա ստեղծված արտադրանքը կարող է արտահանվել ԵՏՄ երկրներ զրոյական տուրքով, առանց մաքսային ձեւակերպման եւ ծագման մասին վկայականների։ Այս մասին մայիսի 17-ին՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ, ասել է  ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր իրավիճակ է ստեղծել, հայտնվել են նոր հնարավորություններ։ «Օրինակ, հայ-լեհական համատեղ ձեռնարկությունները կամ Հայաստանում լեհական կապիտալի հիման վրա ստեղծվող արտադրանքը կօգտվի նույն հնարավորություններից, որոնք ունեն ԵՏՄ անդամ երկրները։ Դա մենք առաջարկում ենք նաեւ մեր լեհ գործընկերներին»,- ասել է Մելքոնյանը։