Հայաստանը դիմել է Եվրամիությանը ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններ սկսելու հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 17-ին ասել է Հայաստանի Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ՝ հայ- լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակում:
Նրա խոսքով բանակցություններ սկսելու հնարավորություն ունենալու համար Եվրահանձնաժողովը պետք է համապատասխան մանդատ ունենա: «Ըստ ԵՄ ընթացակարգի՝ ԵՀ-ն դիմել է ԵՄ խորհրդին: Մենք ակնկալում ենք, որ հունիսյան քննարկումների ընթացքում ԵՄ խորհուրդը կհաստատի այս մանդատը, որից հետո մենք բանակցություններ սկսելու հնարավորություն կունենանք»,- նշել է Մելքոնյանը: Բանակցությունները, շարունակեց նա, տեւական չեն լինի, քանի որ կա համագործակցության հիմնական մոդելային ձեւաչափը: «Եթե հունիսին բանակցություններ սկսվեն, կարծում եմ, մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին մենք կավարտենք դրանք: Նման համաձայնագրի առկայության դեպքում Հայաստանը այսուհետ ԵՄ բոլոր 28 անդամ պետությունների հետ առանձին բանակցությունների կարիք չի ունենա»,- շեշտել է Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը զգալի նշանակություն կունենա:





























