Քննիչները հայտնաբերել են Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Մուհամմեդ Աբրինիի՝ մահից առաջ թողած գրությունը:

Այն գտել են համակարգչում, որն ահաբեկիչը հետքերը թաքցնելիս աղբամանն էր նետել: Գրության համաձայն, Աբրինին ծրագրում էր ինքը «նահատակ» դառնալ:

Գրառման մեջ մի շարք կարեւոր մանրամասներ կան, որոնք կարող են զգալիորեն օգնել հետաքննությանը: Այսպես. հայտնի է դարձել, որ Աբրինին, որը հարցաքննությունների ժամանակ հայտարարել էր, որ «կյանքում երբեք նույնիսկ ճանճ չի սպանել», հավանության է արժանացնում Փարիզի ահաբեկչություններն ու դրանք իրականացրած իսլամականներին հերոս է համարում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Նա որոշել է ահաբեկիչ դառնալ, երբ իմացել է, որ իր իսլամիստ-եղբայրն իրեն պայթեցրել է Սիրիայում: Գրությունում Աբրինին ներողություն է խնդրել մորից եւ հույս հայտնել, որ դրախտում կհանդիպի նրան եւ զոհված եղբորը:

Մուհամմեդ Աբրինին ձերբակալվել է ապրիլի 8-ին: Նրան մեղադրում են ահաբեկչական խմբին անդամակցելու եւ ահաբեկչության ընթացքում սպանություն կատարելու մեջ:

Մարտի 22-ին Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում եւ մետրոյի «Մաելբեկ» կայարանում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 35 մարդ զոհվեց, ավելի քան 300-ը՝ վիրավորվեց: Հետաքննության վարկածով, մետրոյում պայթուցիկ սարքը գործի է դրել Հալիդ Բաքրաուին, իսկ օդանավակայանում՝ նրա եղբայր Իբրահիմը: