Egypt Air ավիաընկերության փոխնախագահը CNN-ին տված հարցազրույցում հաստատել է անհետացած օդանավի մնացորդների հայտնաբերման մասին տեղեկությունը: Նա նշել է, որ ավիաաղետի պատճառների մի քանի վարկած կա, բայց առայժմ դրանցից ոչ մեկը չի հաստատվել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Հունաստանի իշխանություններն Աթենքում Եգիպտոսի դեսպանությանը տեղեկացրել էին, որ ճերմակ եւ երկնագույն մնացորդներ են հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, պատկանում են EgyptAir-ի կորած օդանավին: Տեղեկությունը, ըստ Reuters-ի, հաղորդել է Ֆրանսիայում Եգիպտոսի դեսպանը:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են Եգիպտոսի եւ Հունաստանի ռազմաօդային ուժերի օդանավեր, ինչպես նաեւ հունական Nikiforos Fokas նավը: Ավելի ուշ նրանց են միացել նաեւ թուրքական եւ ֆրանսիական օդանավեր:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոնողական աշխատանքների գոտին փակվել է քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար: