Բելառուսում դատարանը Գոմել քաղաքի 33-ամյա բնակչին բռնաբարության եւ կրկնակի սպանության համար գնդակահարության է դատապարտել: Այս մասին հաղորդում է ԲելաՊԱՆ գործակալությունը:
Հետաքննության տվյալներով, տղամարդը խաբեությամբ կանանց իր մեքենան է նստեցրել՝ առաջարկելով աշխատավայր հասցնել: Փոխարենը նրանց տարել է իր ավտոտնակ, բռնաբարել եւ սպանել, իսկ մարմիններն անտառում թաղել:
Մոլագարի առաջին զոհը՝ 25-ամյա Ալեսյա Պանտելեեւան, սպանվել է 2014 թվականի հուլիսին: Մեկ տարի անց նույն հանգամանքներում անհետացել է 27-ամյա Ալեւտինա Մաշուրիկովան: Երկուսն էլ տղամարդու հետ նույն ձեռնարկությունում են աշխատել:
Հայտնի է, որ հանցագործը կին եւ 3 տարեկան երեխա ունի: Դատավարության ընթացքում տղամարդն իր արարքի դրդապատճառների մասին ոչինչ չի նշել:




























