Շրի Լանկայում ջրհեղեղների եւ սողանքների զոհերի թիվն աճել է մինչեւ  63 մարդ, հայտնում է Սինհուան` վկայակոչելով տեղի տարերային աղետների դեմ պայքարի վարչությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 43 զոհվածի մասին:

Արտակարգ իրավիճակներին արձագանքման ազգային կենտրոնի տվյալներով,  428 հազար մարդ այս կամ այն կերպ զգացել է տարերքի հարվածը, գրեթե   300 հազարը տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ: Ջրհեղեղներից առավել տուժել են Կոլոմբո օկրուգի շրջանները: Զոհերի ամենամեծ թիվն արձանագրվել է  Սաբարագամուվա նահանգի Արանեյեյք շրջանում, որտեղ սողանք է տեղի ունեցել: Ավելի քան  100 մարդ առաջվա պես անհետ կորած է համարվում այդ շրջանում: 

Ռոանու արեւադարձային ցիկլոնը, որը ջրհեղեղ է առաջացրել Շրի Լանկայի մի քանի մարզում, օդերեւութաբանների տվյալներով լքում է շրջանը եւ ուղղվում է Մյանմայի կողմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մայիսի 18-ի առավոտյան սողանքն իջել է Կեգալլե օկրուգի մի քանի գյուղի վրա, շատ տներ ավերվել են: Հարյուրավոր մարդիկ թաղվել են փլատակների տակ: Փրկարարական գործողությունները շարունակվում են: