Ղազախստանի ոստիկանության աշխատակիցները մայիսի 20-ի առավոտյան ամրանների կտորներ եւ կերոսինով շշեր են հայտնաբերել, որոնք թաքցված էին Ալմաթիի Հանրապետության հրապարակի անմիջական հարեւանությամբ, հայտնել է ՂՀԸ հեռուստաալիքը:
Իրավապահ մարմիններն առավոտյան շրջապատել են Բայսեիտովյան փողոցի այն հատվածը, որը հարակից է Հանրապետության հրապարակին:
«Մեզ հայտնի է դարձել, որ ոստիկաններն իբր կոյուղահորից ինչ-որ շշեր են հանել անհասկանալի հեղուկով: Չի բացառվում, որ դրանք լցված էին հրավառ խառնուրդով: 11:00-ին Բոստանդիկյան ՆԳՇՎ-ից հաջողվել է պարզել, որ օպերատիվ աշխատողներն իրոք շշեր են հայտնաբերել: Դրանք լցված են եղել կերոսինով: Այժմ պարզվում են այլ մանրամասներ», — ասված է հեռուստաալիքի կայքում հաղորդագրության մեջ:
Այն պահին, երբ տարածքն օղակվել է, այնտեղ ականազերծողներ են աշխատել, շնագետներ` ծառայողական շների հետ, տեղում նկատվել են հակահրդեհային ծառայության մեքենաներ, հայտնում է «Ազատտիկ Ռադիոն»:
Ներկայումս Հանրապետության հրապարակի օղակումը վերացված է:
Sputnik-Ղազախստանը հայտնում է, որ հանրապետության շատ շրջաններում ակտիվիստները կոչ են անում մայիսի 21-ին հրապարակ դուրս գալ` իրենց բողոքը հայտնելու Հողային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Ալմաթիի, Աստանայի եւ այլ քաղաքաների վարչակազմը մերժել է նախաձեռնող խմբերի` հանրահավաքի անցկացման թույլտվության դիմումները:





























