Ֆլորիդայում ձերբակալել են մի տղամարդու, որը սպանել է ցավերից տառապող կնոջը քանի որ ցավազրկող դեղամիջոց գնելու համար գումար չուներ:
86-ամյա Ուիլյամ Հեյգերը սպանել է 78-ամյա Քերոլինին, երբ նա քնած էր: Հետո նա իր համար սուրճ է եփել ու զանգահարել դստրերին, որպեսզի հայտնի իր արածի մասին: Միայն դրանից հետո է տղամարդը զանգահարել 911 ծառայություն ու խոստովանել, որ սպանություն է կատարել, հայտնում է Reuters–ը:
Ոստիկաններին Հեյգերը ասել է «Ես կցանկանայի ներողություն խնդրել, որ ավելի շուտ չեմ զանգահարել: Ես նախ ուզում էի կատարվածի մասին Քերոլինի ու իմ երեխաներին պատմել»: Տղամարդու խոսքով, ինքը մի քանի օր ծրագրել է սպանությունը:
Քերոլինն արդեն 15 տարի տառապում էր արթրիտի ծանր տեսակից ու այլ հիվանդություններից, ու վերջին ժամանակները նրա մոտ սարսափելի ցավեր էին սկսվել: Նա բազմիցս ասել էր ամուսնուն, որ ուզում է մահանալ, չնայած չէր խնդրել սպանել իրեն:





























