Եվրամիության 28 անդամ երկրի ներքին գործերի նախարարները Բրյուսելում մայիսի  20-ի նիստին հավանություն են տվել  Եվրահանձնաժողովի   (ԵՀ) առաջարկին` երրորդ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի մեխանիզմում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ, որպեսզի այնպիսի երկրների քաղաքացիներ, ինչպիսիք Ուկրաինան, Վրաստանը, Թուրքիան եւ Կոսովոն են, կարողանան կարճատեւ այցելություններ կատարել  ԵՄ:    

«Վիզայի ռեժիմի ազատականացումը մեծ առավելություն ունի ԵՄ-ի երկրների եւ երրորդ պետությունների համար: Այնուամենայնիվ, մեզ վթարային արգելակ է անհրաժեշտ վիզայից ազատված բոլոր երկրների համար, որպեսզի տեղի չունենա առանց վիզայի ռեժիմի չարաշահում», — խորհրդակցության արդյունքում հայտնել է ԵՄ-ում նախագահող Նիդերլանդների ներքին գործերի նախարար Կլաաս Դիիկհոֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փոփոխությունները Եվրամիության համար հնարավորություն են բացում գործելու սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ԵՄ-ի գործադիր իշխանության գերագույն մարմնին պարտավորեցնում են Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի Խորհրդին ամենամյա հաշվետվություն ներկայացնել ԵՄ-ի առանց վիզայի ռեժիմին երրորդ երկրների համապատասխանության մասին:  Մեխանիզմի գործարկումը կարող է ապահովվել նաեւ ԵՄ-ի երկրներից մեկի նախաձեռնությամբ: Եթե դա հավանության արժանանա ընկերակցության պարզ մեծամասնության կողմից, Եվրահանձնաժողովը պետք է գործադիր որոշման նախագիծ նախապատրաստի վեց ամսով առանց վիզիայի ռեժիմի ժամանակավոր դադարեցման մասին կոնկրետ երրորդ երկրի քաղաքացիների համար, ասված է մամուլի հաղորդագրությունում:   

Դրանում ասված է, որ ԵՄ-ի խորհուրդը նաեւ հավանություն է տվել մոնիտորինգի մեխանիզմի ներդրմանը` ապահովելու, որ երրորդ երկրները, որոնց վիզային ռեժիմից ազատում է տրամադրվել, շարունակեն իրականացնել առանց վիզայի կարգավիճակի վերաբերյալ պահանջները: