Եգիպտական A320-ի աղետից հետո ամերիկյան ուղեւորատար Boeing-ի օդաչուները մի քանի ժամ չեն պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի կարգավարների հարցումներին, քանի որ քնած են եղել: Հունական կործանիչները, ահաբեկչության սպառնալիքի պատճառով, տագնապի ազդանշանով օդ են բարձրացել:
Ամերիկյան օդանավը, որում 140 ուղեւոր է եղել, Ֆրանսիայից Քուվեյթ է ուղեւորվել, եւ մի քանի ժամ կարգավարները չեն կարողացել օդաչուների հետ կապ պահպանել: Այս մասին պատմել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
«Տագնապի ազդանշանով Կրետեից երկու F-16 կործանիչներ օդ են բարձրացել, քանի որ ահաբեկչության մտավախություն կար»,- պատմել է աղբյուրը:
Անհապաղ ՆԱՏՕ-ի զինված ուժերի ղեկավարության հետ կապ է հաստատվել: Ժամը 20:00-20:15-ի սահմաններում, երբ օդանավը Սանտորինիի օդային տարածքում է եղել, հունական կործանիչները մոտեցել են Boeing-ին եւ նկատել, որ ամերիկյան օդանավի օդաչուները տեղում են, բայց քնած են:
Ամերիկյան ավիաընկերության անունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ այն «աշխարհում խոշորագույններից մեկն է»:





























