2013թ. մեր պետությունը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, որը պսակվեց հաջողությամբ: Այս մասին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանի առթիվ արված հայտարարությունում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, Հայաստանը կանգնեց եվրոպական խոշորագույն կազմակերպության ղեկին, ինչը կարեւոր առաքելություն էր, նաեւ՝ հնարավորություն ու պատասխանատվություն: «Հայաստանի նախագահությունը պսակվեց հաջողությամբ, ինչը բազմաթիվ առիթներով հաստատել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, կառույցների ղեկավարները եւ անդամ երկրները։ Նախագահության շրջանակներում Հայաստանում կայացան 13 խոշոր միջազգային համաժողովներ, տասնյակ միջոցառումներ։
Վեց ամիս շարունակ Հայաստանն էր Եվրոպայի խորհրդի մեծ ընտանիքի քննարկումների նախաձեռնողը եւ թեմաների առաջադրողը, որոնք այժմեական էին եւ վերաբերում էին Եվրոպայի համար հրատապ նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսությունը, ժողովրդավարական հասարակությունների զարգացումը, «եվրոպական ճարտարապետությունում» Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդումը եւ այլն»,-նշել է Նալբանդյանը:
Նրա խոսքով, այս հարցերի շուրջ քննարկումներն առաջ մղելու եւ դրանք գործնական հունի մեջ դնելու համար վեց ամիս շարունակ մենք սովորականից առավել սերտորեն եւ, կարելի է ասել, ամենօրյա, ամենժամյա ռեժիմով համագործակցում էինք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, մարդու իրավունքների հանձնակատարի հետ: «Հայաստանի նախագահությունն իր ներդրումն ունեցավ տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ Եվրոպայի խորհրդի փոխհարաբերությունների ընդլայնման մեջ, որը միտված էր նույն ոլորտներում գործող կազմակերպությունների միջեւ աշխատանքների առավել համադրմանը եւ արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծել է ԱԳ նախարարը:





























