Սիրիայից երկու հայ հոգեւորական Բրիտանիայում են եղել` իրենց կրոնակից եղբայրներին պատմելու այն մասին, ինչ տեղի է ունենում երկրում, որտեղ բնակչության կեսը փախստականներ են կամ էլ ներքին տեղահանված անձինք: 

Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը եւ  Հալեպում  Հայ Առաքելական եկեղեցու տեղապահ գերապատվելի Հարութ Սելիմյանը Անգլիայում, Շոտլանդիայում եւ Ուելսում հանդիպել են կրոնական առաջնորդների հետ: Նրանց սիրով ընդունել է Քլիֆթոնի եպիսկոպոս Դեկլան Լանգը: Այդ մասին հայտնում է Բրիտանիայում Քլիֆթոնյան կաթոլիկական թեմի կայքը: 

Հայ հոգեւորականները պատմել են այն խնդիրների մասին, որոնք ի հայտ են գալիս եւ քաղաքական կուսակցությունների, եւ ահաբեկչական խմբավորումների հետ շփման ընթացքում: Նրանք Բրիտանիայի քրսիտոնյաներին խնդրել են աղոթքներում եւ գործերում լինել Սիրիայի ժողովրդի կողքին: 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ դոկտոր Գարրի Հակոբյանը, որը Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եկեղեցու խորհրդականն է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի վերաբերյալ: 

«Ես նրանց հարցրեցի, թե մենք ինչ կարող ենք անել իրենց համար` այստեղ գտնվելով: 

Արմաշ եպիսկոպոսը, օդանավակայան մեկնելուց առաջ, կարճ պատասխանեց.  «Միայն մի բան. խնդրում եմ, օգնեք դադարեցնել պատերազմը»»: