ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանն ասել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը:

Նախարարն անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Էդուարդ Շարմազանովն իր հերթին դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսեւորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նույն օրն Էդուարդ Շարմազանովը եւ Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: