Հնդկաստանը տրակտորներ կներկրի Հայաստան: Այս մասին նշվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ հնդկական «NEL group» եւ «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի հանդիպման ժամանակ:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը նշել է, որ այցի հիմնական նպատակը Հայաստան հնդկական գյուղտեխնիկայի, մասնավորապես տրակտորների ներկրման հնարավորության քննարկումն է, ինչպես նաեւ գինեգործության ոլորտում հայ մասնագետների հետ գործարար կապերի հաստատումը:

«Մենք շատ ենք կարեւորում Հնդկաստանի հետ գյուղատնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը, քանի որ ունենալով մեծ շուկա` այն լայն հնարավորություններ է բացում երկկողմ համագործակցության եւ Հնդկաստանում հայկական արտադրանքի ներկայացման համար», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Դրական գնահատելով դեպի Հայաստան հնդկական տրակտորների ներկրման հնարավորությունը` նախարարը միաժամանակ ընդգծել է հայ գյուղատնտեսների համար գյուղտեխնիկայի գների մատչելիության եւ բարձր որակի ապահովման կարեւորությունը: Որպես հնարավոր տարբերակ` հնդկական կողմն առաջարկել է հանրապետություն ներկրել տրակտորների համապատասխան ագրեգատները` տեղում հավաքումը կազմակերպելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ գինեգործության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը, որի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք հայկական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Այս ուղղությամբ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է կազմակերպել գինեգործական ցուցահանդեսներ` երկու երկրների շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: