Ամերիկացի զինվորականները չեն պատրաստվում Սիրիայում ռուս զինվորականների հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսը:   

«Այս պահին մենք չենք նախատեսել  ռազմական որեւէ համատեղ գործողություն իրականացնել Ռուսաստանի հետ», — ասել է Բալդանսը: Միաժամանակ նա արձանագրել է, որ Ռուսաստանը պահպանում է Սիրիայում հրադադարի համաձայնագիրը, կենտրոնանալով ԻՊ-ի դեմ պայքարի վրա:  

Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է Սիրիայում թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի մասին, որը կնքվել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ:  «Այսօրվա դրությամբ հուշագիրն արդյունավետորեն գործում է, մենք շարունակում ենք կատարել այն», — հավելել է նա:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ այժմ շանս կա, որ  Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականների կոորդինացիան Ռաքքայի ազատագրման համար տեղի կունենա: