ԱՄՆ զինծառայողները վերանորոգում են Երեւանի տարեցների խնամքի կենտրոնը, որի բացմանն այսօր՝ մայիսի 25-ին, ներկա են գտնվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Երեւանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնում, մայիսի 10-ից ընթանում էին  վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոբինս Օդային բազայի տասնյակ քաղաքացիական ինժեներների ու շինարարների կողմից: Վերանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել են պայմանները 12 սենյակներում ու խնամքի կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ Ջորջիայի Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի զինծառայողները Հայաստանում են գտնվում ԱՄՆ զինված ուժերի Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում: Ինժեներական անձնակազմը փոխել է խնամքի կենտրոնի հատակը՝ տարեցների համար այն ավելի ապահով դարձնելով: Նրանք նաեւ նորոգել են շենքի սանհանգույցները, կատարել են կոյուղու, լարանցման բարելավումներ եւ պատերի հարդարման աշխատանքներ:

Վերանորոգման աշխատանքները հմտությունների ձեռք բերման ու իրական պայմաններում դրանք կիրառելու լավ հնարավորություն էին ամերիկացի զինծառայողների համար, որը միաժամանակ նպաստում է նաեւ հայ եւ ամերիկյան ժողովուրդների երկարամյա բարեկամության խորացմանը:

«Մենք դեռ երկար ու երախտագիտությամբ հիշենք այն աշխատանքը, որ դուք արել եք այստեղ: Այստեղ իրականացված աշխատանքների շնորհիվ մեր բնակիչների համար կապահովվի տաք ջուր, ջեռուցում եւ բնակության ապահով ու կոկիկ պայմաններ»,- ասել է Երեւանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնի տնօրեն Խաչիկ Սարգսյանը:

«Ջորջիայի Ազգային գվարդիայի այս ներկայացուցիչները ամերիկյան զինուժի լավագույն կադրերն են, եւ նրանք անձամբ շփվել ու ծանոթացել են հայ ժողովրդի հետ եւ այդ տպավորություններն իրենց հետ տուն կտանեն», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Սա արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում նախագծեր են իրականացվում  ԱՄՆ եվրոպական հրամանատարության Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում:

«Նման աշխատանքների միջոցով եւ գործակցելով ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ Ամերիկյան դեսպանատունը ձգտում է բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը եւ օգնել այս հինավուրց ժողովրդին կերտելու անվտանգ, խաղաղ եւ բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը», - ասաց դեսպան Միլսը: