Եվրոպացի ընտրողները կորցնում են ավանդական քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությունը, գրում է The Guardian-ը: Այդ հարցը սրվել է վերջերս Ավստրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո, որտեղ աջակողմյան թեկնածու Նորբերթ Հոֆերը պարտություն կրեց՝ մրցակից Վան դեր Բելենին զիջելով ընդամենը 0.6 տոկոս:

Աջակողմյան շարժումը գնալով ավելի ու ավելի շատ ընտրողների համակրանք է շահում: Դրանք են Ֆրանսիայում «Ազգային ճակատը», Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համարը» եւ համանման կուսակցությունները Շվեդիայում, Դանիայում Ֆինլանդիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Բելգիայում ու Նիդեռլանդներում:

Թերթը նշում է, որ ոչ միայն աջակողմյան շարժումներն են ժողովրդականություն վայելում, այլ որոշ հարավեվրոպական երկրներում, որտեղ բռնապետության մասին հիշողությունները դեռ թարմ են, առաջ է շարժվում ձախերի շարժումը: Դրանց թվում են Հունաստանը, Իսպանիան, Իտալիան:

Ավանդական կուսակցություններին աջակցելուց հրաժարվելու պատճառների թվում թերթը նշում է միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչական ակտիվությունը, ինտեգրացիոն խնդիրները, աշխատատեղերի, եկամուտների, քաղաքական եւ բիզնես վերնախավի հետ կապված խնդիրները: