Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին The Guardian թերթին բողոքել է  «այն մարդուց, որն իրեն նշանակել է այդ պաշտոնին»` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից եւ Ուկրաինայի նոր կառավարությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Երկրում, որտեղ կառավարման նոր տեսակի հույսերը սկսել են գոլորշիանալ օլիգարխների` քաղաքականության եւ բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը հետ բերելու ֆոնին, Սաակաշվիլիի հրապարակային եւ շատ հուզական ելույթները ժողովրդականություն են ձեռք բերել: Եվ այժմ դրանք ուղղված են անձամբ նախագահի դեմ», — գրում է The Guardian-ը:

Սաակաշվիլիի խոսքով, նախկինում ուկրաինական նախագահն ավելի  «ճկուն» էր եւ պատրաստ էր աշխատել ինչպես բարենորոգիչների, այնպես էլ    «հին դպրոցի» ներկայացուցիչների հետ: «Իսկ այժմ նա այնպիսի կառավարություն է կազմել, որն ընդհանրապես որեւէ պատկերացում չունի բարեփոխումների վերաբերյալ», — հայտնել է Օդեսայի մարզի նահանգապետը: 

Նրա տեսանկյունից, Ուկրաինայի ներկայիս կառավարությունը  «միջակությունների կույտ» է:

Այն հարցին, թե Վրաստանի նախկին նախագահն արդյոք խոչընդոտ չի դառնա Պորոշենկոյի համար նման կտրուկ քննադատության պատճառով, Սաակաշվիլին հայտնել է, որ ուկրաինական նախագահը  «գիտեր, թե ինչ է անում»:

Օդեսայի նահանգապետն արդեն առաջին անգամը չէ, որ բողոքում է Պորոշենկոյից: Մասնավորապես, անցյալ ամիս մամուլի ասուլիսին նա հայտնել էր, որ Մայդանից հետո ներկայիս նախագահի տված ոչ մի խոստում չի կատարվել:   

Վերջերս ուկրաինական նախագահին գնալով ավելի հաճախակի են քննադատում, հատկապես այն բանից հետո, երբ այսպես կոչված «պանամական արխիվի» արտահոսքը բացահայտել է Պորոշենկոյի կապը օֆշորների հետ: Շատերը նրան մեղադրում են այն բանի համար, որ նա  «դավաճանել է Մայդանի իդեալներին»: