Եվրամիությունը կարող է մինչեւ 2016-ի վերջ Ռուսաստանի վրայից մասնակիորեն հանել պատժամիջոցների մի մասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրին:  

«Հավանաբար Եվրամիությունը վերջին անգամ կերկարաձգի պատժամիջոցների ժամկետը, իսկ տարվա վերջին դրանք կարող են մասնակիորեն հանվել», — ասված է հաղորդագրության մեջ: 

Աղբյուրը մեկնաբանել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հայտարարությունը, որը հանդես է եկել  հակառուսաստանյան պատժամիջոցների ինքնաբերական երկարաձգման դեմ:  

Գործակալության աղբյուրի խոսքով, պատժամիջոցային քաղաքականության վերաբերյալ ԵՄ-ի անդամ երկրների տարաձայնություններն ակնհայտ են եւ  «կարծիքները բացահայտ են արտահայտվում»:

Նա պատմել է, որ պատժամիջոցային ռեժիմի երկարաձգման երդվյալ կողմնակիցներ են Լեհաստանը, Բալթիայի երկրները, Մեծ Բրիտանիան եւ Շվեդիան: Պատժամիջոցների վերանայման եւ չեղյալ համարելու օգտին են հանդես գալիս այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան եւ Սլովակիան: Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների օգտին է հանդես գալիս նաեւ Ավստրիան: 

Ապրիլին Եվրամիությունն անուշադրության է մատնել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, որը կոչ էր անում հանել պատժամիջոցները Ռուսաստանի վրայից: