ՀՀ նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության եւ մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:
Հանրապետության նախագահը կարեւորել է վերը նշված միջոցառումների անցկացումը եւ հույս հատնել, որ խորհրդակցության օրակարգում ներառված արդիական հարցերի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը եւ «Կոբալտ-2016» զորավարժության շրջանակներում օպերատիվ-տեխնիկական խնդիրների հաջող իրականացումը թույլ կտան առաջընթաց արձանագրել միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության հակազդեցության, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերի համակարգման կատարելագործման հարցում:
Սերժ Սարգսյանն ընդգծել է այդ սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համակարգված միջոցառումների մշակման համար համապատասխան իրավական եւ գործնական հիմքերի ձեւավորման անհրաժեշտությունը: Այդ առումով, նախագահը համոզվածություն է հայտնել, որ կազմակերպչական եւ գործնական բնույթի համալիր միջոցառումները, որոնք կմշակվեն «Կոբալտ-2016» զորավարժության ընթացքում, ինչպես նաեւ այլ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, կնպաստեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդեցության ոլորտում համատեղ օպերատիվ-հետախուզական եւ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Նիկոլայ Բորդյուժան նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Երեւանում անցկացված միջոցառումների մասին, ընդգծելով, որ մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից դրանք բարձր են գնահատվել, իսկ զորավարժությունը համարվել է անցկացված ամենահաջող զորավարժություններից մեկը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը վերաբերող հարցերի:































