Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մադրիդյան սկզբունքները մնում են օրակարգում: Այդ մասին խորհրդարանում մայիսի    26-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:  

«Վիեննայի հանդիպմանը քննարկվել է այն, ինչի մասին մենք արդեն հայտնել ենք: Եվ ես չէի ուզի այժմ` այս կարեւորագույն կետում լրացուցիչ դատողություններ անել: 

Մենք բոլորս պետք է մթնոլորտ ստեղծենք նրա համար, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: 

Չեմ ուզում կանխատեսել հայկական կողմի գործողությունները, եթե ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները: Կգա ժամանակը եւ այդ մասին հրապարակայնորեն կարտահայտվի արտգործնախարարը: 

Որքան ինձ հայտնի է, կա հստակ պայմանավորվածություն, որին կողմերը համաձայնություն են տվել: Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է նահանջել դրանցից կամ էլ ձեւացնել, թե այդպիսի պայմանավորվածություն չկա: Բայց դրանք ձեռք են բերվել եւ պետք է ամեն ինչ անել դրանք իրականացնելու համար: Խոսքը հետաքննությունների մեխանիզմի մասին է եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչի աշխատակազմի հնարավորությունների մեծացման: 

Հայաստանը եւ համանախագահները (ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, խմբ.)  անում են ամեն հնարավորը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար եւ այդ մասին վերջերս հայտնել է արտգործնախարարը», - հայտնել է Նազարյանը: