Ֆրանսիայում առնվազն 7 հազար ուղեւոր ստիպված է եղել գիշերն անցկացնել TGV արագընթաց գնացքների  վագոններում, որոնք կանգ էին առել Փարիզ-Բորդո գծի վրա խոշոր սլաքային  հանգույցի էլեկտրոնիկայի աշխատանքում խափանման հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով   France info-ին:

Անսարքության պատճառով ազդանշանային համակարգն անջատվել է գծի մեծ մասում, որը ֆրանսիական մայրաքաղաքը միացնում է Բորդոյին:  «Տեխնիկայի նման խափանում առաջին անգամ էր տեղի ունենում ֆրանսիական երկաթուղու պատմության մեջ», - Ֆրանսիական երկաթուղային ընկերության (SNCF) աշխատակցին է մեջբերում  BFM-TV  հեռուստաալիքը:  Դրա հետեւանքով Փարիզ-Բորդո գծի հերթապահը ստիպված է եղել երկաթուղային սլաքային տեղափոխությունների կառավարումն իր վերահսկողության տակ առնել: Դա երկու ուղղությամբ էլ գնացքների ուշացման պատճառ է դարձել:   

Գնացքները Փարիզ են հասել միայն հաջորդ օրվա առավոտյան: Ուղեւորներին փոխհատուցել են տոմսերի արժեքի մի մասը: 

Մասնագետները հայտնել են, որ գծի ազդանշանային համակարգում անսարքությունը լուրջ է եւ բավականին ժամանակ անհրաժեշտ կլինի դրա վերացման համար: Արագնթաց գնացքների  մեկնումն արդեն չեղյալ է համարվել: Խախտվել է նաեւ էլեկտրագնացքների շարժումը: