Ճապոնական գանգստերային սինդիկատի՝ «Կոբե յամագուչի գումիի» պարագլուխներից մեկին սպանել են Հոնսյու կղզու Օկայամա քաղաքի կայանատեղիներից մեկում: 55-ամյա Տադասի Տակագին մի քանի փամփուշտ է ստացել կրծքին եւ որովայնին, հայտնում է HNK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկաններին:

Վիրավոր յակուձային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: «Վկաները տեսել են, թե ինչպես է կրակոցներից հետո կայանատեղիից մոտոցիկլով մի  մարդ փախչում»,- ասել է լրագրողներին ոստիկանության ներկայացուցիչը:

Տակագին Ճապոնիայի պրեֆեկտուրաներում ծավալված գանգստերական պատերազմի առաջին զոհերից է: Այն սկսվել էր անցյալ տարվա օգոստոսին, երբ երկրի խոշոր սինդիկատ «Յամագուչի գումին» պառակտվել էր ֆինանսական վեճերի պատճառով, եւ նրանից առանձնացել էր «Կոբե յամագուչի գումի» խմբավորումը:

«Յամագուչի գումին» Ճապոնիայում ամենախոշոր յակուձա խմբավորումն է, որը պառակտումից հետո ունի մոտ 14 հազար անդամ: Իսկ «Կոբե յամագուչի գումիի» կազմում կա 6 հազար գանգստեր: