«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին  Լյուքսեմբուրգում հանդիպում է ունեցել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ԵԺԿ նախագահը կարեւորել է նման հանդիպումները՝ ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման,  այնպես էլ՝ քաղաքական օրակարգի կարեւոր հարցերի շուրջ կարծիքներ եւ տեսակետներ փոխանակելու առումով:

Իր հերթին Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նման ձեւաչափով շփումները եւս մեկ կարեւոր խողովակ են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ: Հաջորդիվ ՀՎԿ պատվիրակությունը հանդիպել է նաեւ ԵԺԿ փոխնախագահ Սարիուշ Վոլսկու հետ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ «Կենտրոնամետ դեմոկրատների»  համաշխարհային ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեսի հետ: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ դեռեւս 2005 թվականից «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիսացել է համաշխարհային այս կառույցի անդամ եւ համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության ավանդույթները առաջիկայում արդեն կշարունակի «Հայկական վերածնունդը»:

ՀՎԿ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Վիլֆրեդ Մարտենս Եվրոպական հետազոտությունների կենտրոնի նախագահ Նիկոլաշ Տյուրինդայի եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի գործադիր տնօրեն Գաբոռ Բերցելիի հետ: Երկու հայտնի կրթական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ կրթական , երիտասարդ կադրերի փոխանակման ու վերապատրաստման հետ կապված կոնկրետ ծրագրեր: Նշված ինստիտուտների ղեկավարների հետ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում  հիմնել եվրոպական հետազոտությունների կենտրոն: