Walt Disney-ը դասական «Մերի Փոփինս» ժապավենի շարունակությունը կթողարկի. սիքվելը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականի դեկտեմբերի 25-ին:

Ըստ Variety-ի, կինոստուդիան հրապարակել է նաեւ գլխավոր դերակատարների անունները՝ Էմիլի Բլանթ եւ Լին-Մանուել Միրանդա: Ֆիլմը կկոչվի «Մերի Փոփինսը վերադառնում է» (Mary Poppins Returns): Ռեժիսոր է ընտրվել Ռոբ Մարշալը, իսկ պրոդյուսերներն են Ջոն Դելյուքը եւ Մարկ Պլատտը:

Lenta-ի փոխանցմամբ, սցենարը կգրի Դեւիդ Մագին՝ բրիտանացի գրող Փամելա Թրեւերսի գրքերի հիման վրա, որոնք լույս են տեսել «Մերի Փոփինս»-ից հետո եւ պատմում են մեծացած հերոսների մասին:

«Մերի Փոփինս» ժապավենը մեծ էկրան է բարձրացել 1964 թվականին եւ մեծ ճանաչում ստացել ԱՄՆ-ում. այն կինովարձույթում ավելի քան 100 մլն դոլար է վաստակել՝ 6 մլն դոլար բյուջեի պարագայում: Ֆիլմը 5 «Օսկար» է շահել, որից մեկը ստացել է գլխավոր դերակատար Ջուլի Էնդրյուսը: