Իտալացի ու եգիպտացի հնագետները ապացուցել են Թութանհամոնի դաշույնի ոչ երկրային ծագումը: Խոսքն այն երկու դաշույններից մեկի մասին է, որոնք 1925 թ. հայտնաբերել էր բրիտանացի Հովարդ Քարթերը փարավոնի դամբարանի պեղումների ժամանակ: Հետազոտության մասին հայտնել է Meteoritics & Planetary Science ամսագիրը, գրում է The Guardian–ը:

Հնագետները ենթադրում են, որ դաշույնը պատրաստված է երկնաքարային նյութից: «Մենք կարծում ենք, որ հին եգիպտացիները մանր դեկորատիվ կամ ծիսակարգային առարկաներ սարքելու հարցում մեծ նշանակություն էին տալիս երկնաքարային երկաթին»,- նշում են հետազոտության հեղինակները:

Գիտնականները դաշույնի բաղադրությունը ռենտգենաֆլուօրեսցենտային հետազոտության են ենթարկել: Դաշույնի սայրը, որը գերազանցաբար երկաթից է, ուներ նիկելի ու կոբալտի անբնական բարձր պարունակություն: Նույն կազմն ունեն այն երկնաքարերը, որոնք հայտնաբերվել են Եգիպտոսում Կարմիր ծովի՝ երկու հազար կիլոմետր երկարությամբ առափնյա մասում:

Երկնաքարային ծագման օգտին է վկայում նաեւ այն, որ եգիպտացիք մոտ վեց հազար տարի առաջ կարողանում էին աշխատել պղնձի, ոսկու ու բրոնզի հետ, իսկ երկաթ կռելու տեխնոլոգիային նրանք տիրապետել են դրանից մոտավորապես հազար տարի ուշ : Նաեւ գիտնականները նշում են, որ եգիպտացիների հին ձեռագրերում բազմաթիվ հիշատակումներ կան բարձրությունից ընկնող երկնային երկաթի մասին: