Պատմության, անցյալի ազնիվ վերանայումը հաշտեցման եւ մերձեցման ուղի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկման ժամանակ նշել է Գերմանիայի Բունդեսթագի խոսնակ Նորբերթ Լամերթը:
Նրա խոսքով, խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ եւ հաստատ դատարան չէ, սակայն Գերմանիայի խորհրդարանը չի ուզում եւ չի կարող անհարմար հարցերը շրջանցել, այդ թվում՝ 101 տարի առաջ Օսմանյան Կայսրությունում հայերի եւ մյուս քրիստոնյաների ցեղասպանությունը:
«Այս ամենում իր մեղքի բաժինն ունի նաեւ Գերմանիան: Մենք գիտենք մեր սեփական պատմության մութ էջերը մյուսներից շատ, որ պատմությանը առերեսվելը շատ ցավալի կարող է լինել: Սակայն մենք նաեւ գիտենք, որ անցյալի ազնիվ վերանայումը հաշտեցման եւ մերձեցման ուղի է: Այսօրվա Թուրքիայի կառավարությունը մեղավոր չէ նրանում, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, սակայն նա մեղավոր է նրանում, թե դրանից 100 տարի անց ինչ է ստացվել»,-ընդգծել է խոսնակը՝ հավելելով, որ այս բանաձեւի քննարկմանը նախորդել են սպառնալիքներ ու ցույցեր թուրքերի կողմից Բունդեսթագի պատգամավորների նկատմամբ:
«Մենք ընդունում ենք, իհարկե, ցանկացած քննադատություն, անգամ եթե այն ագրեսիվ է, սակայն Գերմանիայի Բունդեսթագի խոսքի ազատությանը խոչընդոտելն անընդունելի է»,-ասաց նա:
Նշենք, որ բանաձեւում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը: «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին». այսպես է վերնագրված բանաձեւը:
Այս պահին, Բեռլինում Բունդեսթագի շենքի առջեւ, ընթանում է հայ համայնքի ակցիան, որի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի, ինչպես նաեւ Հունաստանի եւ մի շարք այլ երկրների դրոշներ: Ցուցարարները «ճշմարտության շղթա» են կազմել՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:




























