Մոլդովայում վարորդներին կտուգանեն ճանապարհի երթեւեկելի հատվածում աղբ նետելու համար: Երկրի խորհրդարանն ընդունել է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան լրացումները:
Ըստ ՏԱՍՍ-ի, իրավախախտները ստիպված կլինեն մինչեւ 1000 լեյի չափով (շուրջ 50 դոլար) տուգանք վճարել: Նրանց նաեւ կարող են պարտավորեցնել 40-ից մինչեւ 60 ժամ հանրօգուտ աշխատանք կատարել:
Խորհրդարանում քննարկման ժամանակ փոփոխությունների հեղինակները ներկայացրել են Եվրամիության երկրների օրինակը, որտեղ աղբ նետելու համար վարորդներին պատժելու պրակտիկա կա: Օրինակ՝ Իսպանիայում նման իրավախախտման համար 90 եվրոպայի չափով տուգանք է սահմանված, իսկ խոշոր աղբի համար՝ 200 եվրո:
Նշվել է նաեւ, որ մինչ պատժի կիրառումը սկսելը իշխանությունները պետք է ճանապարհների երկայնքով աղբամաններ տեղադրեն՝ պայմաններ ստեղծելով վարորդների համար, որպեսզի նրանք կարողանան երկար ճանապարհ գնալիս ազատվել մեքենայում կուտակված աղբից: Առայժմ նման պայմաններ չկան նույնիսկ Մոլդովայի մայրաքաղաքի եւ այլ քաղաքների ճանապարհներին:




























