Բրազիլական Գոյաս նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում, նկարիչ եւ քանդակագործ Անա Հիմարայսին արգելել են վաճառել եւ տարածել այն ստեղծագործությունները, որոնք վերջերս նրա այցեքարտն են դարձել: Խոսքը արձանիկների մասին է, որոնք կաթոլիկական սրբերին ներկայացնում են սուպերհերոսների եւ փոփ-մշակույթի հայտնի կերպարների տեսքով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դատավճիռը պատասխան է Գոյանիա քաղաքի արքեպիսկոպոսության հայցին: Դատավոր Աբիլիու Այրես Նետուն լսել է եկեղեցու ծառայողների փաստարկները, որոնք Հիմարայսի ստեղծագործությունը վիրավորական են համարել հավատացյալների զգացմունքների համար: Եթե քանդակագործը խախտի դատարանի որոշումը, նրան տուգանք է սպառնում 50 հազար ռեալի չափով (14,3 հազար դոլար):
Գիպսե արձանիկները, որոնք Հիմարայսը ստեղծում էր «Սուրբ սրբապղծություն» ապրանքանիշի տակ վաճառելու համար, իրենցից ներկայացնում են աստվածաշնչյան կերպարների ամերիկյան կոմիքսների կամ փոփ-երաժշտության եւ արվեստի աշխարհից հայտնիների հագուստով: Այսպես, քանդակագործը սրբազան ընտանիքը պատկերել է Բեթմենի եւ Կատու կնոջ հագուստով: Կաթոլիկական որոշ սրբեր ներկայանում են բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուիի կամ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի տեսքով: Այժմ դատարանի որոշմամբ Հիմարայսին արգելված է նույնիսկ իր ստեղծագործությունների լուսանկարները տեղադրել սոցցանցերում:
«Ես երբեք չեմ զանկացել վիրավորել որեւէ մեկի հավատը: Իմ ընտանիքի անդամները կաթոլիկներ են եւ նրանց դուր է գալիս այն, ինչ ես անում եմ, նրանք աջակցում են ինձ», - այսպես է 32-ամյա քանդակագործը մեկնաբանել դատավճիռը:
Դատավորի կարծիքով, տվյալ դեպքում ստեղծագործական ազատության իրավունքը հակասության մեջ է մտել հավատի ազատության իրավունքի հետ: «Եվ չնայած դրանք երկուսն էլ հավասարապես երաշխավորված են օրենքով, աստիճանակարգությունից եւ առաջնահերթություններից դուրս, երբ նման հակամարտություն է առաջանում, պետք է գերակայի պատվի, արժանապատվության եւ մասնավոր կյանքի իրավունքը», - ասված է Այրես Նետուի որոշման մեջ: Դատավճիռը վերջնական է եւ չի կարող բողոքարկվել:




























