ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ափսոսանք է հայտնել, որ Ընտրական օրենսգրքի  շուրջ կոնսենսուսը տեղի չունեցավ մինչեւ դրա ընդունումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը։

«Ափսոսում եմ, որ այդ կոնսենսուսը չձեւավորվեց մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը եւ ես կարծում եմ՝ դրա  համար բոլոր հիմքերը կային։ Ցավում եմ՝ իմ առաջարկին լուրջ չվերաբերեցին, առաջարկում էի  հրապարակել այն փաստաթուղթը,  որ պարզ դառնա, թե ով խանգարեց կոնսենսուսի ձեւավորմանը եւ ինչու»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմության եւ իշխանության  տեսակետները ԸՕ-ի վերաբերյալ շատ մոտ են եղել իրար եւ քիչ բան էր պահանջվում, որ կոնսենսուսը վերջնական լիներ։

«Իմ առաջարկած այս միջոցը հետոյի համար էլ է պետք կիրառել։ Պետք չի, որ այդ  բանակցությունները մնան թաքնված եւ հասարակությունը չիմանա՝ ինչ է տեղի ունենում, եւ բանակցողներն էլ օգտվեն առիթից ու իրենց սեփական շահերից ելնելով՝ մեղադրեն ուրիշներին, թե ինչու չհասան կոնսենսուսի»,-ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայտնի չէ, թե երբ են սկսվելու կոնսենսուսի վերաբերյալ քննարկումները։

Հիշեցնենք, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ պայմանավորվածություն կար  Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո  վերսկսել քննարկումները ընտրական գործընթացի վերահսկողական մեխանիզմների շուրջ եւ եթե կոնսենսուսի գան, այդ փոփոխությունները հետագայում ընդգրկել Ընտրական օրենսգրքում։ Ընդդիմադիրները պնդում են, որ եթե չլինի կոնսենսուս, միջազգային կառույցները ընտրական գործընթացներին տեխնիկապես չեն աջակցի։