Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժումը Բոննի համալսարանին կից գերմանական կլինիկայում կսկսվի հունիսի 13-ին: Այս մասին NEWS.am –ի թղթակացին պատմել են Ռուբենի աազգականները:

43 հազար եվրոյի չափով անհրաժեշտ գումարը պաշտպանության ու առողջապահության նախարարությունների ջանքերով արդեն փոխանցվել է գերմանական կլինիկային ու հիմա Ռուբենի ազգականները փնտրում են ավիաընկերություն, որի օգնությամբ հնարավոր կլինի կազմակերպել նրա տեղափոխումը Գերմանիա, որտեղ մասնագետներն արդեն սպասում են նրան ու նույնիսկ նշանակել են առաջին բուժակարգերի օրերը:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ռուբենը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի հատվածում ու նրա վերջույթները գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել դրանց շարժունակությունը ու օգնել, որ նա ավելի ինքնուրույն դառնա: Հայ բժիշկը, որը Ռուբենին այստեղ մերսումներ է անում, նույնպես ասում է, որ հույս կա, նա վստահ չէ, որ Ռուբենի ոսկրածուծն ամբողջովին կտրված է, քանի որ մերսումների ժամանակ նա զգում է Ռուբենի նյարդային համակարգի արձագանքը:

Ռուբենն ինքը, նրա ազգականների խոսքով, Գերմանիայի հետ հսկայական հույսեր է կապում ու անհամբերությամբ սպասում այն օրվան, երբ այնտեղ կսկսի իր բուժումը: Ճիշտ է նա հիմա էլ ժամանակն իզուր չի վատնում ու փորձում է իր հնարավորությունների սահմանում աշխատել իր վրա: