Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ   «ինտեգրացիաների ինտեգրացիա» գաղափարի համատեքստում ԱՊՀ-ի երկրները պետք է համագործակցության արժանի օրինակ ցույց տան:   

Երեքշաբթի Բելառուսի նախագահը հանդիպում է ունեցել պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Մինսկում ԱՊՀ-ի երկրների Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների խորհրդի նստաշրջանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Հատկանշական է ԱՊՀ-ի երկրների Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ղեկավարների նստաշրջանի աշխատանքում Սլովակիայի ներկայացուցիչ պարոն Կարոլ Միտրիկի մասնակցությունը: Այդ փաստը հաստատում է, որ Արեւելք-Արեւմուտք փոխշահավետ համագործակցության գաղափարը գնալով ավելի այժմեական է դառնում: Կարծում եմ, որ Արեւելյան Եվրոպայում լավ հիշում են, թե  որքան արդյունավետ էր գործում Տնտեսական փոխօգնության խորհուրդը, որը հանուն ընդհանուր բարիքի միավորում էր բազմաթիվ երկրների պոտենցիալը», — ասել է Լուկաշենկոն: 

Նրա խոսքով, «պատահական չէ, որ այդ գաղափարը վերածնվում է  «ինտեգրացիաների ինտեգրացիա» բանաձեւում, որը մենք առաջ ենք քաշել դեռեւս ՄԱԿ-ում: Ով, եթե ոչ մենք, պետք է արժանի օրինակ ցույց տանք»:

Լուկաշենկոն նշել է, որ դա հատկապես կարեւոր է այժմ, երբ  «ճգնաժամերը մեկը մյուսի հետեւից ցնցում են աշխարհը, ինչն ամենաանբարենպաստ եղանակով է ազդում Համագործակցության վիճակի վրա»:

Նա հայտնել է, որ վերահսկող մարմինների գործողությունների խստացված կոորդինացիան, նրանց կողմից համատեղ մոտեցումների մշակումը ֆինանսական խախտումների կանխարգելման համար, աշխատանքի նոր մեթոդների յուրացման գործում փորձի փոխանակումը ռազմավարական նշանակության խնդիրներ են: «Խոսքը ԱՊՀ-ի երկրներից յուրաքանչյուրի անվտանգության մասին է եւ ԱՊՀ-ի քաղաքա-տնտեսական կայացածության` ընդհանուր առմամբ», — ընդգծել է Լուկաշենկոն: