Գերմանիայում անցկացված քվեարկությունը զրոյացրեց պատմությունը հերքելու՝ Թուրքիայի փորձերը: Այս մասին Le Monde պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ֆրանսիացի պատմաբան Իվ Տերնոնը: Հրապարակման մեջ նշվում է.

«Բանաձեւը, որն առաջադրել է «Կանաչների» խմբակցության համանախագահ, պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, պետք է քննարկեին փետրվարին: Քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների ճնշմամբ քննարկումը հետաձգեցին մինչեւ հունիս: Ո՛չ կանցլերը, ո՛չ փոխկանցլերը, ո՛չ ԱԳՆ ղեկավարը չմասնակցեցին քվեարկությանը: Ամեն դեպքում, երեքշաբթի՝ մայիսի 31-ին, ՔԴՄ-ի հավաքի ժամանակ Մերկելը հավանության արժանացրեց բանաձեւը:

Բունդեսթագի քվեարկությունը պատիվ է բերում Գերմանիային: Այդ երկրում միլիոնավոր թուրքեր կան, մինչդեռ հայերի թիվն ընդամենը մի քանի հազար է: Բացի այդ, այս քվեարկությունը զրոյացնում է թուրքական կառավարության ժխտումը: Հիմա ակնհայտ է, որ այն պատրաստ չէ ճանաչել սեփական պատմությունը:

Գերմանական խորհրդարանը համարձակություն ունեցավ դիմակայել առաջնորդին, որի բռնատիրական հակումներն ավելի ու ավելի են անհանգստացնում ոչ միայն սեփական ժողովրդին, այլեւ միջազգային հանրությանը: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Լրագրողները, գրողները, քաղաքական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են ճանաչման համար վճարում իրենց ազատությամբ եւ նույնիսկ կյանքով:

Ցեղասպանության հիշողությունը բարի կամքի տեր բոլոր մարդկանց հիշատակի կոչ է անում: Դա իրականություն դարձրեց պատգամավոր Ջեմ Օզդեմիրը»: