Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին եւ նրա ընկերուհի Աննա Դուրիցկայային Նեմցովի սպանությունից մի քանի րոպե առաջ նկարահանել են անցնող մեքենաներից մեկի տեսախցիկով,բայց տեսագրությունում նրանցից բացի այլ մարդիկ չկան, անգամ հեռավորության վրա։ Այդ պատճառով հնարավոր չէ պարզել, թե որտեղից է հայտնվել մարդասպանը, փոխանցում է «Ռոսբալտ»–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Դրանց փոխանցմամբ՝ գործի նյութերում կան մեքենաներից արված մի քանի տեսագրություններ։ Դրանցից մեկում երեւում է, որ մեքենայի վարորդն անցել է Իլյինկայի փողոցով եւ շրջվել դեպի Մեծ Մոսկվորեցկի  կամուրջ։ Վարորդը երթեւեկում էր դանդաղ, ուստի կադրում հստակ երեւում է, որ ՆԵմցովն ու Դուրիցկայան միասին քայլում են Վասիլի Երանելիի մայր տաճարի մոտով դեպի կամուրջը։

Տեսագրությունում հստակ երեւում է, որ ո՛չ դիմացից, ո՛չ հետեւից ոչ ոք չկա։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ կամուրջի վրա տեղադրված է 5 տեսախցիկ, սակայն սպանության օրը դրանցից 4-ը, չգիտես ինչու, չեն աշխատել։ Այդ պատճառով գործում կա միայն մեկ տեսախցիկից արված տեսագրությունը։

Այդ տեսագրությունում երեւում է, որ Նեմցովն ու Դուրիցկայան քայլում են միայնակ։ Միայն այն պահին, երբ նրանց մոտենում է ձնահավաք մեքենան, դրա հետեւից դուրս է վազում ոմն մեկը՝ Նեմցովի ենթադրյալ մարդասպանը։