Այսօր` հոկտեմբերի 5-ին,  ահազանգ էր ստացվել, որ Պարույր Սեւակի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում  բուլդոզերով փորձել են ծառահատումներ կատարել: Դեպքին ականատես է եղել տիկին Մարինան, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մանրամասնությունները:

«Երբ գալիս էի աշխատանքի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, որը գտնվում է Պարույր Սեւակ փողոցի վրա, տեսա, որ այդ հատվածում բուլդոզերներով փորձում են ծառեր կտրել: Դա փոքրիկ տեղ է ու հին լավ ծառեր կան»,-ասաց տիկին Մարինան` հավելելով, որ նրա գործընկերներից մեկը նույն տեսարանին ականատես է եղել դեռեւս երեկ երեկոյան` աշխատանքից տուն գալիս:

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրականում այդ հատվածում փորձել են արմատախիլ անել հաստաբուն մի ծառ, սակայն բնապահպանության տեսչության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել ծառահատումը, թեեւ որոշ ճյուղեր վնասվել են: Այն թեղի ծառատեսակի է եղել: Հասմիկ Մկրտչյանը հաղորդեց, որ ներկայումս փորձում են պարզել, թե ո՞վքեր են եղել ծառահատում իրականացնողները եւ որտեղի՞ց է թույլտվությունը: