Մոսկվայի քաղաքային դատարանը ընդմիջել է իր դատավճռի վերաբերյալ գործարար Լեւոն Հայրապետյանի ներկայացրած բողոքը քննող նիստը նրա առողջական վիճակի վատացման պատճառով, ինչի մասին դատապարտյալը հայտնել է դատավորներին նիստի ժամանակ, որին քննչական մեկուսարանից է մասնակցում տեսակապով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը որոշել է նրա մոտ բժիշկ կանչել: Ակնկալվում է, որ նիստը շարունակելու մասին որոշումը կընդունվի Հայրապետյանի բուժզննումից հետո:
Ավելի վաղ Զամոսկվորեցկի դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել՝ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից՝ Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար գողանալու համար ու նրան դատապարտել չորս տարվա աազատազրկման: Նաեւ դատարանը Հայրապետյանից տուժածի օգտին 20.850 մլն ռուբլի է գանձել:
Քննությունը ու դատարանը պարզել են, որ գործարարը դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հետ միասին Թամարա Իզմեստեւայից 700 հազար դոլար է վերցրել՝ ասելով որ դրանով կփորձեն մեղմել նրա որդու դատավճիռը,ինչը սակայն չեն կարողացել անել:
Ձեռներեցը սկզբում կալանավորվել է, իսկ հետո խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով: Անցած տարվա սեպտեմբերի 16-ին քննիչը ազատել էր նրան՝ երկրից դուրս չգալու պարտավորությամբ, քանի որ կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը սպառվել էր:





























