Հայաստանում ցանկանում են թույլատրել ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը: Այդ մասին ասված է նոր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության հունիսի 23-ի նիստին: Փոփոխություններն ընդունվել են ընդդիմության եւ քաղաքացիական սեկտորի հետ իշխանության ներկայացուցիչների այսպես կոչված «4+4+4» ձեւաչափում քննարկումների արդյունքում:
Փոխնախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտնել է, որ այժմ նկարահանել կթույլատրվի ոչ միայն դիտորդներին եւ մամուլին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինքն ուղիղ հեռարձակում կկազմակերպի հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Միաժամանակ հեռարձակումը կիրականացնի ոչ թե ինքը` ԿԸՀ-ն (կանխակալության մեղադրանքներից խուսափելու համար), այլ պրոֆեսիոնալ կազմակերպություն, որին կընտրեն տենդերով: Տեսախցիկների տեսադաշտում չպետք է հայտնվի քվեարկության խցիկների ներքին հատվածը: Մնացած ամեն ինչ` քվեատուփը, գրանցման եւ քվեարկության ծրարները, քվեաթերթիկների տրամադրումը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների հաշվարկը կադրում կլինի:





























