Հինգշաբթի` հունիսի 23-ի առավոտյան ձախ արմատական երիտասարդությունը Բեռլինում անկարգություններ է կազմակերպել, հայտնում է   The Local-ը:

Պարբերականի տվյալներով, անկարգությունների առիթ է դարձել ոստիկանական ստուգայցը մեկ օր առաջ անօրինականորեն զբաղեցված շենքերից մեկը: Օրենքի մոտ 200 պահապան ներխուժել է Ռիգեր փողոցի թիվ 94 տուն, որը երիտասարդներն առանց թույլտվության օգտագործում են հավաքների համար: 

Օրենքի պահապանները խուզարկել են շենքը եւ մահակներ եւ ատրճանակ են առգրավել: Շինարարներն այդ ընթացքում վերացրել են շենքում անօրինականորեն բացված բարը եւ արհեստանոցը: 

Ի պատասխան ձախ արմատականները անկարգություններ են կազմակերպել բեռլինյան մի շարք շրջաններում: Կրոյցբերգում անհայտ անձինք ջարդել են երեք մեքենայի եւ ավտոբուսի կանգառի ապակիները, հետո այրել են աղբամանը եւ քարեր եւ ներկային ռումբեր են նետել տեղի ադմինիստրացիայի շենքի ուղղությամբ: Պանկովի շրջանում  շինարարական տեխնիկա է այրվել, իսկ Միտտեում ջարդվել են բանկերի շենքերի ապակիները:  Արմատականները նաեւ մի քանի մեքենա են այրել: 

Պարբերականը նշում է, որ Ռիգեր փողոցի թիվ 94  տունը այն փոքրաթիվ շենքերից մեկն է, որոնք գրավված են սկվոթերների կողմից` մարդկանց, որոնք լքված շինությունների գրավմամբ են զբաղվում:  Ավելի վաղ ոստիկանության հետ երիտասարդ արմատականների բախումներ բավականին հաճախ էին պատահում, սակայն վերջին տարիներին գրեթե վերացել էին: