«Ադրբեջանի Միջազգային Բանկ» ԲԲԸ-ում խոշոր թալանի գործով քննչական խումբը որոշ մանրամասներ է հայտնել սկանդալային միջադեպի մասին:
ԱՀ-ի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության քննչական բաժանմունքում ավարտվել է քրեական գործի որոշ դրվագների հետաքննությունը, որը հարուցվել է «Ադրբեջանի Միջազգային Բանկ» ԲԲԸ-ին մեծ չափի վնաս հասցնելու փաստով:
Պարզվել է, որ 2001-2015 թթ-ին ԱՄԲ-ի կառավարման նախագահի պաշտոնը զբաղեցրած Ջհանգիր Հաջիեւը, այլ անձանց հետ համաձայնության գալով, ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբը: Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նա անօրինական հրահանգներ է տվել իր, իր ընտանիքի անդամների եւ այլ անձանց անուններով հաշիվներ բացելու եւ դրանց խոշոր գումար փոխանցելու մասին: Բացի այդ, պարզվել է, որ Ջհանգիր Հաջիեւը եւ հանցագործության այլ մասնակիցներ, առանց Վերահսկիչ խորհրդին տեղեկացնելու, «Ադրբեջանի Միջազգային Բանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղերում վարկեր են ձեւակերպել տարբեր ֆիզիկական անձանց անուներով եւ յուրացրել են 47 մլն 144 հազար մանաթ: Այդպիսով նրանք ԲԲԸ-ին 211 մլն 597 հազար մանաթի (ավելի քան 200 մլն դոլար) վնաս են հասցրել:
Նշված դրվագներով Դ. Հաջիեւի եւ 7 այլ անձի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել ՔՕ-ի համապատասխան հոդվածներով: Զամիրա Հաջիեւայի նկատմամբ, որին քննությունը որպես մեղադրյալ է ներգրավել, խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քանի որ Զ Հաջիեւան թաքնվում է քննությունից, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Միաժամանակ քննության ընթացքում պարզվել է, որ ավելի քան 100 հաստատության եւ ընկերության միջոցով, որոնք ստեղծվել էին իբր երկրում եւ արտասահմանում տարբեր նախագծեր իրականացնելու համար, յուրացվել է «Azərbaycan Beynəlxalq Bankı» ԲԲԸ-ից վերցված միջոցների մեծ քանակություն: Այդ մեղադրանքներով գործը փոխանցվել է առանձին դատաքննության:





























