Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ ցանկության դեպքում Կառավարությունը կարող է տրամադրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյից պակասող 4.5 մլն եվրոն:

«Դոնորները պատրաստ են տրամադրել 11.5 մլն եվրո: Ի՞նչն է խանգարում Հայաստանի Կառավարությանը՝ գտնելու 4.5 մլն եվրոն եւ լուծել մի կարեւորագույն խնդիր: Այո, մենք մի կարեւոր համաձայնության եկել ենք, մենք սա համարում ենք քաղաքական համաձայնություն եւ տեր ենք մեր ստորագրմանը: Գինը լինելու է ընտրությունների հանդեպ հանրության վստահությունը, այդքան անիրականալի՞ է դա անելը»,- այսօր՝ հունիսի 27-ին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաեւ, որ իրենք ուրբաթ օրը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովին եւ խնդրել հորդորել դոնոր կազմակերպություններին՝ տրամադրել պակասող գումարը:

«Պետությունը հընթացս այդ գումարը չունի, սակայն այս գումարն ունենալ հաջորդ տարի, կներեք, ոչ մեկին չի հետաքրքրում: Մենք համաձայնագիրը ստորագրել ենք, սակայն այդ հարցը Դուք չեք բարձրացրել, տիկինԶոհրաբյան, քանի որ եթե բարձրացնեիք, մենք կասեինք՝ կներեք, պետությունը այդ միջոցները չունի: Մենք սա ստորագրել ենք, ճիշտ մոտեցում չէ՝ ստորագրելուց հետո ասել, թե ինչու պետությունը չի տալիս այդ գումարը, մեզ քննադատել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի  հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում  հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։

Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 16 միլիոն դոլարից 11,5 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։