Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Բելառուսն այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չի տեսնում։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Բելոռուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունավետությունը։ «Բելառուսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, ըստ որոնց Թուրքիան փորձում է մուտք գործել ԵԱՀԿ Մինսկի խումբ, դեսպանի կարծիքով, այդ հարցը պետք է որոշեն Մինսկի խումբը եւ ղարաբաղյան հակամարտության կողմերը։
Հարցին, թե ՀԱՊԿ-ում հանդիսանալով Հայաստանի գործընկեր, ի՞նչ դիրք կգրավի Բելառուսը, Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, Սուխորենկոն պատասխանեց. «Կարծում եմ, որ դա միայն Բելառուսի որոշելիքը չէ։ Որեւէ պետության հանդեպ ագրեսիայի դրսեւորման դեպքում ՀԱՊԿ-ն համախմբված դիրքորոշում կմշակի։ Այդ աշխատանքներին կմասնակցի նաեւ Բելոռուսը»։
Խոսելով Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետի երկարացման մասին՝ դեսպանը նկատեց, որ դա Հայաստանի եւ Ռուսաստանի գործն է՝ ավելացնելով, որ Բելառուսը նման հարցեր չի մեկնաբանում։




























