ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն թբիլիսյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Քերին Վրաստանի ղեկավարների հետ քննարկելու է «երկու երկրների համագործակցության լայն շրջանակ»: «Քննարկվելու են համագործակցության հարցերը տնտեսության, անվտանգության, պաշտպանության ոլորտներում ու քաղաքական ոլորտում հարաբերությունների խորացումը»:

2009-ի հունվարին Վաշինգթոնում ստորագրվել է Վրաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խարտիան: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առեւտրի, տնտեսության, մշակույթի, հումանիտար ոլորտներում: Ամեն տարի ԱՄՆ-ում ու Վրաստանում անցնում է աշխատախմբերի նիստեր ու լիագումար նստաշրջաններ՝ այս փաստաթղթի դրույթների իրականացման հարցերի շուրջ:

Հերթական նիստը Թբիլիսիում կանցնի հուլիսի 6-ին՝ Ջոն Քերիի ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու մասնակցությամբ: