ՍՏՀԽՎ-ի Գլխավոր Վեհաժողովը համատեղ որոշում է ընդունել Ստամբուլում ահաբեկչական գործողության հետ կապված, որում ասվում է ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին: 

ՍՏՀԽՎ-ի անդամները ահաբեկչության կապակցությամբ խորը ցավակցություն են հայտնում Թուրքիային:  «Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում», - ասված է հայտարարության մեջ:

Խորհրդարանականները նշում են «բոլոր երկրների եւ ժողովուրդների ջանքերը միավորելու անհրաժեշտությունը` աջակցելու ահաբեկիչների գործողություններից տուժած պետություններին այդ չարիքի դեմ իրենց պայքարում, որը մարդկության դեմ հանցագործություն է հանդիսանում»:

«Մենք պատրաստակամություն ենք հայտնում` շարունակելու ահաբեկչության դեմ պայքարն իր բոլոր ձեւաչափերում եւ դրսեւորումներում», — նշված է փաստաթղթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի երեկոյան երեք պայթյուն է որոտացել Ստամբուլի Աթաթուրքի անվան   օդանավակայանում: Երեք մահապարտ ահաբեկիչ ինքնաձիգներից կրակ են բացել ուղեւորների վրա, ինչից հետո գործի են դրել պայթուցիկ սարքեր: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչության հետեւանքով ավելի քան 40 մարդ է զոհվել, այդ թվում` 13 օտարերկրացի, 239-ը վիրավորվել է:

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության  (ՍՏՀԿ) կազմում ներկայումս 12 երկիր կա. Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: