Ընտրական օրենսգրքով սահմանված վերահսկողական մեխանիզմները կյանքի կոչելու համար իշխանությունները 3 միլիոն եվրո տրամադրել են եւ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հարցին՝  եթե չհաջողվի միջազգային դոնորների աջակցությամբ այդ հարցն ամբողջությամբ լուծել, պատրա՞ստ է իշխանությունը հատկացնել պակասող  գումարը, Բաղդասարյանը պատասխանեց. «Բանակցությունների վերջում վերջնական արդյունքը կերեւա։ Մենք ոչ մի ջանք չենք խնայում, որպեսզի այդ գումարն ապահովվի։ Ես խորհուրդ չեմ տա, որ որեւէ մեկը վստահությամբ երաշխավորի, որ դա կլինի, բայց ամեն ինչ անում ենք, որ լինի»։

NEWS.am-ի տեղեկություններով՝ իշխանությունը սպասում է դոնորների հետ բանակցությունների վերջնական արդյունքին։ Հույս ունեն, որ  կհաջողվի ամբողջ գումարը «դրսից» բերել։ Որպեսզի դա իրենց ուսերին չմնա, անգամ իրենց անդամներին են հորդորել փնտրել միջազգային դոնորներ։

Նշենք, որ  վերահսկողական մեխանիզմները ներդնելու համար պահանջվում է 16 միլիոն եվրո, որից 4 միլիոնը պակասում է։ Դեռեւս չի հաջողվում միջազգային դոնորներից գտնել այդքան գումար, խոստացել են 8,5 միլիոն։ Ընդդիմադիրները հորդորում են, որ իշխանությունը լրացնի այդ պակասը, սակայն իշխանությունը դեռեւս չի համաձայնում։ Իսկ Բաղդասարյանի նշած 3 միլիոն եվրոն, անկախ  կոնսենսուսով ձեռք բերված փոփոխությունենրից, իշխանությունը պետք է տրամադրեր։ 16 միլիոն եվրոն պահանջվում է կոնսենսուսով ամրագրված վերահսկողական մեխանիզմները իրագործելու համար, որից պակասում է 4 միլիոնը։