ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի դուստրը ու եւս 22 մարդ կալանավորվել են խողովակաշարի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հայտնում է Associated Press–ը:

Միջադեպը կատարվել է հունիսի 29-ին, Բոսթոնի շրջանում գազային մագիստրալի մի հատվածի շինարարության մասում:

Կարեննա Գորը եղել է այն ցուցարարների շարքերում, որոնք փորձում էին թույլ չտալ խողովակաշարի կառուցումը: Ակտիվիստները բարձրացել ու պառկել էին խողովակների վրա մինչեւ հրշեջ ծառայությունների աշխատակիցները նրանց ուժով հանել են այնտեղից:

Խումբը գազամուղի շինարարության դեմ իր բողոքը բացատրում էր անվտանգության նկատառումներով նաեւ կլիմայական փոփոխությունների համար մտավախություններով:

Ցուցարարներին մեղադրել էին հասարակական հանգստությունը խախտելու ու ապօրինաբար շինարարության տարածք ներխուժելու համար:

Ալբերտ Գորը, որը փոխնախագահ է եղել դեմոկրատ Բիլ Քլինթոնի օրոք, հայտարարել է, որ հպարտանում է իր դստեր դիրքորոշումով: Նրա կարծիքով հասարակությունը պետք է արագացնի հանածո վառելիքի տեսակներից անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին: