Հեղեղման հետեւանքով տուժած արթիկցիների տներում մինչեւ հիմա ջուր է լցվում: Այս մասի NEWS.am-ին ասաց «Օգնենք արթիկցիներին վերացնելու հեղեղման հետեւանքները» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը, որը նախաձեռնության անդամների հետ այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնել է Արթիկ:
«Սարսափելի վիճակ է: Մարդկանց տներում մինչեւ հիմա ջուր է լցված: Տուն կա, որի նկուղում է լցվում ջուրը մինչեւ հիմա: Քարերի տակ սատկած կենդանիներ են, տներ կան, որտեղ օձեր են հայտնվել»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները օգնում են արթիկցիներին հեռացնել տների մոտ հավաքված ավազները, մաքրել նկուղներն ու հարակից տարածքները:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:
Կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից:

































