Արցախից գորգերի Ռուսաստան արտահանումից հետո առավելագույնը 30 –օրյա ժամկետում պետք է վճարել ավելացված արժեքի հարկը, սակայն թանկարժեք գորգերը կարող են վաճառվել 1-2 տարի անց միայն: Այս մասին Ստեփանակերտում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Գորգերի արտադրությամբ զբաղվող «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը:

«ՌԴ արտահանումից հետո առավելագույնը 30 –օրյա ժամկետում իրենք պարտավոր են վճարել ԱԱՀ, որը իրենց պարագայում կարող է հասնել մինչեւ մի քանի միլիոն դրամի, սակայն, վաճառվող գորգերը բավականին թանկարժեք են, դրանք արագ իրացվող ապրանք չեն համարվում, եւ, երբեմն վաճառվում են արտահանումից մեկ-երկու տարի հետո: Անկախ այդ հանգամանքից, ԱԱՀ-ի վճարումը պարտադիր է»,-ասել է գործարարը:

Նրա խոսքով, մեծ աջակցություն կլիներ, եթե այս հարատեսակի վճարման ժամկետը երկարաձգվեր, ինչը բիզնեսի զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանար:

Նույն հանդիպման ժամանակ պահածոների արտադրությամբ զբաղվող «Արցախ բերրի» ընկերության ղեկավար Էրիկ Մկրտումյանն էլ նշել է, որ բարդացված է արտահանման ժամանակ որակի հավաստագրի ստացման գործընթացը: Ըստ տնտեսվարողի, Արցախում հավաստագիրը ստանալուց հետո, պարտավոր են նույն փաստաթուղթը ստանալ նաեւ Հայաստանում՝ արտահանումը անարգել կազմակերպելու համար: Է. Մկրտումյանը առաջարկում է ներդնել հավաստագրերի ստացման միասնական համակարգ, որպեսզի տնտեսվարողը ստիպված չլինի լրացուցիչ գումար եւ ժամանակ ծախսելով՝ նույն գործընթացն անցնել մի քանի անգամ:

Նիստին ներկա տնտեսվարողները նաեւ բարձրացրեցին արտահանման ժամանակ վճարումների հետաձգման, ռուսական ռուբլու արժեզրման եւ այլ գործոնների հետեւանքով առաջացած մրցակցային խնդիրների մասին: Ի պատասխան բարձրացված հարցերի, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը լինելու է հետեւողական, որպեսզի տնտեսվարողներին հուզող եւ արտահանման ծավալների աճին խոչընդոտող խնդիրները հնարավորինս արագ լուծումներ ստանան:

Նիստի ավարտին հայկական երկու պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները ստորագրեցին մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային համատեղ ծրագիրը: Ա. Շաբոյանը իր աշխատանքային այցն ավարտեց՝ այցելելով ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների: